Հոկտեմբերի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
«Մշտադիտարկման շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև հոգեբուժական հաստատությունում պահվող այլ բուժառուների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Ի թիվս այլնի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հարցեր են բարձրացրել հագուստով ապահովման, բժշկական և անձնական փաստաթղթերի, կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված։ Միաժամանակ, նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել բուժանձնակազմին ցուցաբերվող վերաբերմունքի համար։
Բոլոր խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին»,- հայտնում են Պաշտպանի գրասենյակից: