Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագային հոկտեմբերի վերջին հրավիրել է Բրյուսել՝ բանակցությունների, և նրանք համաձայնել են մասնակցել: «Մենք մտադիր ենք մեծ աշխատանք կատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար»,- նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
Իսկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո ունեցած ճեպազրույցի ժամանակ Շառլ Միշելը դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը: «Մենք հավատում ենք դիվանագիտությանը, հավատում ենք քաղաքական երկխոսությանը»։ Միշելը շեշտել է երեք սկզբունք, որոնք, նրա խոսքով, չափազանց կարևոր են:
«Նախ՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ քառակուսի կիլոմետրերը հաշվի առնելով։ Երկրորդ կարևոր սկզբունքը, ըստ Միշելի, սահմանների սահմանազատման հարցն է, որը պետք է հիմնված լինի Ալմաթիի հռչակագրի վրա: «Երրորդ կարևոր սկզբունքը վերաբերում է հաղորդակցություններին։ Կապուղիների զարգացումը չափազանց կարևոր է, բայց այն պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա»,- հայտարարել է Շարլ Միշելը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը վճռական է տրամադրված՝ դրական դերակատարում ունենալ այս հարցում։ «Մենք չունենք որևէ թաքնված օրակարգ և այդ իսկ պատճառով կարծում ենք, որ կարող ենք արդյունավետ աջակցել, որ տարածաշրջանը լինի ավելի կայուն, բարգավաճ և անվտանգ»,- հայտարարել է Միշելը:
Մանրամասները՝ տեսանյութում: