Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում եղել են Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը: Այդ մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համագործակցության ուղղությունները։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները։ Առկա մարտահրավերներին առավել պատշաճ արձագանքելու գործընթացում նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը Հայաստանի կողքին լինելու և աջակցելու պատրաստակամության համար։
«Այս պահի դրությամբ Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100,000 անձ կա, որոնց առաջնային կարիքների բավարարումից հետո սոցիալական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվելու։ Առաջնային հարցերից է նաև նրանց զբաղվածության ապահովումը, և մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի մեր հայրենակիցներն առաջիկայում ունենան կայուն աշխատանք և դառնան ինքնաբավ»,- նշել է նախարարը։
Ալեքսանդր Սոկոլովկին ևս շնորհակալություն է հայտնել նախարարության հետ համագործակցության համար և վերահաստատել պատրաստակամությունը՝ մասնակցություն ունենալ ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում։ Վերջինիս խոսքով՝ իրենք արդեն հանդիպել են ԼՂ-ից տեղահանված անձանց հետ, լսել նրանց խնդիրների ու կարիքների մասին․
«Մենք վերահաստատում ենք մեր շարունակական հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդին՝ ճգնաժամում գտնվող անձանց խնդիրների լուծման նպատակով։
Պատրաստակամ ենք քննարկել և համագործակցել նաև երկարաժամկետ ծրագրերի իրականացման շուրջ»։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։