Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում այսօր սկսել են քանդել առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների 21 շինություն:
Քաղաքապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ այդ շինությունները կառուցվել են նախընտրական շրջանում, համայնքին պատկանող հողամասում՝ առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության:
Հայկ Կոստանյանի խոսքով՝ քանդման աշխատանքների ընթացքում ապօրինի կառույցները տնօրինողները բռնություն են կիրառել քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև վնասել են քաղաքապետարանի գույքը:
ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 05-ին՝ ժամը 15:00-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հարակից տարածքում գտնվող անօրինական կառուցված շինությունների քանդման աշխատանքներն իրականացնելիս «JC13» մակնիշի տրակտորի վարորդը կովշով հարվածել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող և քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի շարժիչի ծածկին և վարորդի խցին՝ վնասելով տրակտորը: Բացի այդ, քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի վրա նետվել են քարեր։
Տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրից Ոստիկանության բաժին է տարվել երկու քաղաքացի։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (երկու դրվագ), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու որոշում։
Նախաքննությունը շարունակվում է։