Կառավարությունը որոշում է կայացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մի շարք ոլորտներում իրականացվող ստուգումների համար անհրաժեշտ ստուգաթերթերը լրամշակելու մասին՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին:
Միաժամանակ, ստուգաթերթերում նախատեսվում է լրացնել սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման մասով սահմանված պահանջներին, ինչպես նաև լիազոր մարմնին տեղեկատվություն ներկայացնելուն վերաբերող մի շարք հարցեր և ապահովել ստուգաթերթերի հարցաշարերում տեղ գտած հարցերի ոճաբանական միատեսակությունը:
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի առկայությունը: