ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Աբովյան քաղաքում «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության կողմից կառուցվող տվյալների մշակման նոր կենտրոն:
Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ նախարարը շրջայց է կատարել նոր ենթակառուցվածքի տարածքում և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ներկայացրել է նախարարին նոր կենտրոնի հիմնական գործառույթները և հնարավորությունները:
Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ կառուցվող կենտրոնն ունենալու է տարածաշրջանային նշանակություն և լինելու է իր տեսակի մեջ խոշորագույն կենտրոններից մեկը Հայաստանում: Նախարարի խոսքով՝ նոր կենտրոնը բարձրացնելու է Հայաստանի մրցակցային առավելությունները՝ հնարավորություն տալով տեղական ընկերություններին օգտվելու նոր, ժամանակակից ենթակառուցվածքից:
«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության ղեկավարն իր հերթին նշել է, որ տվյալների մշակման կենտրոնն իր ծավալներով և ֆունկցիոնալ հնարավորություններով առաջին ենթակառուցվածքն է Հայաստանում: Հայկ Ֆարամազյանի խոսքով՝ կենտրոնի կառուցումից և շահագործումից հետո Հայաստանը տեխնոլոգիապես մեկ քայլ առաջ է անցնելու և ամրապնդելու է իր դիրքերը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա:
Տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է 218 սերվերային պահարանի համար և աշխատելու է 2.5 մեգավատտ հզորությամբ: Կենտրոնի ընդհանուր ներդրումները մինչև 2030 թ. կազմելու են 11 միլիարդ ՀՀ դրամ:
Նոր կենտրոնը կապահովի տվյալների անվտանգ մշակում և պահպանում՝ ամպային ծառայություններ մատուցելով պետական գերատեսչություններին և մասնավոր հատվածին: Տվյալների մշակման կենտրոնը նաև նպաստելու է թվայնացման գործընթացին հանրապետության տարածքում և մատուցելու է համատեղակայման (colocation) ծառայություններ, որը հնարավորություն կտա այլ ընկերություններին ևս կենտրոնի տարածքում տեղակայել իրենց սարքավորումները և սերվերները, հետագայում նախատեսվում է ծառայություններ մատուցել նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում: Բացի դրանից՝ կենտրոնի տարածքում կտեղադրվեն այնպիսի սերվերային համակարգեր, որոնք հայ ծրագրավորողներին հնարավորություն կտան օգտվելու արհեստական բանականության գործիքներից:
Միջազգային չափորոշիչներով կառուցվող տվյալների մշակման կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, որից հետո կսկսվեն տեխնիկական ենթակառուցվածքի մոնտաժային աշխատանքները: Կենտրոնը նաև անցնելու է փորձարկման և հավաստագրման գործընթաց միջազգային փորձագետների մասնակցությամբ: Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ. մարտին: