Առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են այն գործընթացները, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները հոգալու համար:
Նազելի Բաղդասարյանի ներկայացմամբ, վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թվի հետ կապված մնում է նույնը՝ 100 632: Հաշվառված և նույնականացված անձանց թիվը կազմում է 99 342: Հայաստան ժամանած անձանցից 73 543-ը տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնում՝ 3771, Արարատում՝ 17139, Արմավիրում՝ 7728, Գեղարքունիքում՝ 5097, Լոռիում՝ 4477, Կոտայքում՝ 20694, Շիրակում՝ 3449, Սյունիքում՝ 5762, Վայոց Ձորում՝ 2370, Տավուշում՝ 3056:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց վերաբերյալ: Ըստ այդմ՝ նրանց թիվը կազմում է 319-ը: Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ը՝ ծայրահեղ ծանր: Կա նաև դրական դինամիկա, և բուժառուների մի մասը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բաժանմունքներ, կան նաև դուրս գրված անձինք: Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 5 երեխա, 3 երեխա վիճակի լավացման հետևանքով տեղափոխվել է բաժանմունք, 1 նորածին դուրս է գրվել:
Նախարարի ներկայացմամբ, շարունակվում է բուժաշխատողների հաշվառումը, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետներում կազմակերպել նրանց վերապատրաստման, հավաստագրման գործընթացը և Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց հնարավորինս արագ տեղավորումը: Ըստ վերջին տվյալների՝ արդեն 216 հոգի դիմել է: Այս պահին առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիքներ: Ըստ մասնագիտությունների՝ այս թափուր հաստիքները մանրամասն ներկայացված են Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:
Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ այսօրվանից սկսվել են մոբիլ թիմերի աշխատանքները: Այսինքն՝ մոբիլ թիմերը կկատարեն այցելություններ, կկատարեն առաջնային բուժզննում, կհավաքագրեն անհրաժեշտ տեղեկատվություն՝ կարիքները գնահատելու և հետագայում դրանց ավելի հասցեական լուծումներ տանելու համար: Մոբիլ թիմերը կիրականացնեն նաև կցագրման գործառույթ, քանի որ առողջապահական բոլոր ծառայությունները պետական պատվերի շրջանակում հասանելի են բռնի տեղահանված անձանց, սակայն այս մեխանիզմները գործարկելու համար շատ կարևոր է առաջնային օղակներում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում կցագրվելը: Այս պահի դրությամբ 11 000 բռնի տեղահանված անձինք կցագրվել են առողջապահական առաջնային օղակներում, ինչը հնարավոր է դարձնում թե՛ պլանային բուժօգնությունը, թե՛ դեղորայքի տրամադրումը: Մոբիլ թիմերում ներգրավված են նաև հոգեբաններ:
Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762:
Նազելի Բաղդասարյանի ներկայացմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջնային կարիքների գրանցման հարթակում ստացել է առավել քան 63 000 հայտ: Նախարարության workforall.am կայքի միջոցով հնարավոր գտնել ավելի քան 4500 թափուր աշխատատեղեր, որոնց կարող են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք: