Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի հանդիպման շրջանակում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Նա անդրադարձել է հակամարտության պատմությանը, բանակցային գործընթացին, նշել, թե 15 տարի շարունակ հայ գործընկերներին առաջարկել են փոխզիջման գնալ, Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող հինգ շրջանները, երկուսը պահել, այդպիսով պահպանել Հայաստանի և Ղարաբաղի միջև տարածքային կապը, բայց նրանք մերժել են՝ նշելով, որ դա որոշակի սպառնալիքներ կստեղծի:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մեղավորությունը Պուտինը փորձել է բարդել հայկական կողմի վրա` նշելով, թե պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը իրավիճակը փոխել է: Նա, սակայն, չի անդրադարձել 44-օրյա պատերազմից հետո իր իսկ կողմից արված երկու հայտարարություններին, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի անքակտելի մաս են:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը` Պուտինը նշել է, որ դա տեղի է ունեցել միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ադրբեջանական կողմը հրաժարվել է ստորագրել մանդատը, ուստի ռուս խաղաղապահները տեղում միայն հրադադարի պահպանման ռեժիմը դիտարկելու իրավունք ունեին, և ոչ ավելին:
«Մենք անում էինք այն, ինչ կարող էինք իրավական առումով, որպեսզի ապահովենք հումանիտար բաղադրիչը: Ինչպես գիտեք, այնտեղ զոհեր ունեցանք՝ պաշտպանելով Ղարաբաղի հայերին: Հումանիտար, բժշկական օգնություն էինք ցուցաբերում, ապահովում էինք նրանց դուրս գալը: Չէ՞ որ բոլոր փախստականները մեր կենտրոն եկան՝ մեր խաղաղապահների պաշտպանության տակ էին հազարավոր մարդիկ»,- ասել է Պուտինը:
Նա հայտնել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, որը խոստացել է, որ կապահովի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
«Սակայն բոլորը գնացել են, այնտեղ մարդ չի մնացել, գուցե 1000-1500 հոգի»,- արձանագրել է Պուտինը:
Անդրադառնալով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը՝ նա կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի ղեկավարությունն այդ հարցում կառաջնորդվի մարդասիրական նկատառումներով: