Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին աջակցող կառավարությունները պետք է Ադրբեջանի նախագահի կողմից հստակ պարտավորություններ ապահովեն Լեռնային Ղարաբաղից հեռացած էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրացնելու ուղղությամբ՝ հայտարարել է Human Rights Watch-ը:
«Լեռնային Ղարաբաղի և դրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է ամրագրի, թե կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ինչպես պետք է հարգվեն մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, և այն պետք է ողջունի անկախ առաքելությունը՝ այդ պարտավորությունների կատարման մշտական միջազգային մշտադիտարկման համար:
Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն, որ միջազգային մոնիթորինգային առաքելությունը հրապարակայնորեն զեկուցի Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի իրավիճակի մասին և բացահայտի մարդու իրավունքների խախտումները, հատկապես նրանք, որոնք կխաթարեն էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը: Գործընկեր կառավարությունները պետք է նաև կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին հստակ քայլեր ձեռնարկել՝ նպաստելու վերադարձի իրավունքի իրականացմանը՝ ինչպես կարճաժամկետ այցելությունների, այնպես էլ ավելի երկար ժամկետով»,- նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ թեև Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում յուրաքանչյուր մարդու իրավունքները պաշտպանվելու են, սակայն դժվար է դրանք արժանահավատ համարել ամիսներ տևած ծանր զրկանքներից, տասնամյակների հակամարտությունից, ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունից հետո: