Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելով՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացման կանխարգելումը:
Նա ափսոսանք է հայտնել, որ գագաթնաժողովին չեն մասնակցում Ադրբեջանն ու Թուրքիան, ուստի նրանց հետ չեն կարողանա քննարկել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայերի արտագաղթի հարցը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է ռազմական ուժի գործադրումը հակամարտությունների կարգավորման համար:
«Ես հույս ունեմ, որ Բրյուսելում կարող են հանդիպումներ տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հակամարտության հետագա ընդլայնումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու համար»,- եզրափակել է Բորելը: