Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած զրույցի ընթացքում նշել է, որ Բաքուն չի կարող տարածքային պահանջներ ունենալ Երևանի նկատմամբ, և պահանջել է երաշխավորել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Այդ մասին Միշելը հայտնել է Գրանադայում անցկացվող Եվրոպական քաղաքական ընկերակցության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:
«Ես երկու օր առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ, և ես նրան հստակ ասել եմ, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Դա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորել, որ կա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»,- ասել է Միշելը:
Նա չի մեկնաբանել Գրանադայում հնգակողմ հանդիպումից Ալիևի հրաժարվելու որոշումը, և ասել է որ անձամբ Ադրբեջանի նախագահին կհայտնի, թե ինչ է մտածում այդ մասին:
Միշելի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդությունն ուղղված է Եվրամիության շահերի պաշտպանությանը և Կովկասում եվրոպական արժեքների առաջմղմանը: