Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և ԵՄ ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ:
«Կոչ ենք անում ԵՄ-ին և նրա անդամ պետություններին՝ թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության այն անհատների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար: Կոչ ենք անում հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից կատարված չարաշահումները, որոնք կարող են պատերազմական հանցագործություններ ենթադրել: Հիշեցնում ենք Ադրբեջանին, որ նա լիակատար պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում բոլոր մարդկանց անվտանգության և բարեկեցության համար և պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասված է բանաձևում:
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև հիասթափություն են հայտնել Լեռնային Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաջին առաքելության վերաբերյալ և կոչ են արել Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն ապահովել ՄԱԿ-ի հովանու ներքո:
Բանաձևին կողմ է քվեարկել 491 եվրապատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 37։