ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ:
Հարց. Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի հաղորդագրությունը չափազանց մտահոգիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Պատասխան. Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում կայացած՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նախ՝ պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատվիրակության՝ հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ: Ավելին՝ պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական՝ ՄԱԿ-ի պատվիրակությունը կարող էր ընդամենը արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ամիսներ շարունակ, հայկական կողմը ներգրավվել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ Քարտուղարության այլ ստորաբաժանումների հետ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղ գործուղել ՄԱԿ-ի միջգործակալական փաստահավաք առաքելություն՝ ԼՂ շրջափակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատման ու ԼՂ բնակչության հումանիտար կարիքներին արձագանքի նպատակով: Խնդրո առարկան բազմիցս բարձրացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում:
Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները և գնահատականները, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի հռչակած «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ամբողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից:
Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերի և վիրավորների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգման և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:
Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով:
Հայաստանն ակնկալում է ՄԱԿ-ի կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանը, ԼՂ ժողովրդի՝ մարդու հիմնարար իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն: