Կառավարությունը հոկտեմբերի 5-ի նիստին հավանություն տվեց «Աղետների ռիսկի կառավարման՝ 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշմանը: Այն ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Նախարարի տեղակալը թեմայի շրջանակում նախ հիշեցրեց՝ բնածին վտանգների տեսանկյունից ՀՀ տարածքի 100 %-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 %-ը՝ սողանքների, 30 %-ը՝ սելավների և ջրհեղեղների, 0,5 %֊ը՝ փլուզումների ու քարաթափումների, 12 %-ը՝ ցրտահարությունների, 15 %-ը՝ երաշտի, 17 %-ը՝ կարկտահարման ազդեցությունների և այլն: ՀՀ հողատարածքների 80 %-ից ավելին ենթակա են էռոզիայի, աղակալման/ալկալիացման, գերխոնավեցման և ջրակալման վտանգների ազդեցություններին:
Տեխնածին վտանգները նույնպես զգալի ռիսկի աղբյուր են: ՀՀ-ում կան 25 քիմիապես վտանգավոր օբյեկտներ, որոնք օգտագործում են ամոնիակ, քլոր, քլորաթթու, ազոտաթթու և այլ քիմիական նյութեր, 1400-ից ավելի հրդեհապայթյունավտանգ օբյեկտ, մոտ 88 ջրամբար, շուրջ 23 պոչամբար, որոնցից 12-ը կոնսերվացված են, գործում է ատոմային էլեկտրակայան և այլն:
Կենսաբանական վտանգները ևս լրջագույն մարտահրավեր են: Օրինակ, 2020-2022 թվականներին ՀՀ-ում արձանագրվել է նոր կորոնավիրուսային համաճարակի 446 008 հաստատված դեպք, որից 9 799-ը՝ մահվան ելքով։
Ըստ այդմ՝ ռազմավարության շրջանակում առանձնացվել են 5 հիմնական գերակայություններ:
«Կունենանք ռիսկի ինդեքսավորում և գնահատման մեթոդաբանության մշակում:
Պրակտիկ եթե ասեմ՝ մենք կունենանք Երևան քաղաքի, Ագարակի, Մեղրիի, Վանաձորի սեյսմիկ ռիսկի գնահատում և նաև կասկադային հետևանքների վերլուծություն: Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում հիդրոօդերևութաբանական ավտոմատացված 15 կայանի տեղակայում ենք նախատեսում, և այլ ռիսկեր տարբեր բնակավայրերի մակարդակում ևս կգնահատվեն»,- ասաց նախարարի տեղակալը:
2-րդ կարևոր ուղղությունը տեխնոլոգիահեն համակարգի շարունակական բարելավումն է, ինչը նշանակում է, որ հանրապետական և տեղական մակարդակով ՀՀ-ն կունենա էլեկտրոնային քարտեզներ:
3-րդ ուղղությունը ունեցած մարդկային ռեսուրսների կարողությունների գիտելիքների ընդլայնումն է, կամավոր փրկարարական ջոկատների աշխատանքի համար հիմքերի ներդրումը ՀՀ-ում:
4-րդ ուղղությունը ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացումն է, ընդ որում՝ պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում:
5-րդը անվտանգային մշակույթի ներդրումն է. ըստ նախաարի տեղակալի՝ առավելապես կենտրանանալու են հանրակրթական հաստատությունների վրա:
«Մեր նպատակը ռեֆլեքսային մակարդակում անգամ աղետին արձագանքելուն ունակ և անվտանգային մշակույթ կրթող քաղաքացու տեսլական ունենալն է»,- ասաց նա և հավելեց, որ 2030 թվականի կտրվածքով հիմնական վերջնարդյունքը լինելու է՝ նվազեցնել աղետներից տուժած բնակության և զոհերի քանակը 30 տոկոսով, ինչպես նաև պատճառված ուղղակի նյութատնտեսական վնասը՝ 50 տոկոսով 2005-2015 թվականների համադրությամբ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ ստանդարտների բովանդակությունից զատ՝ նաև պետք է վստահ լինել, որ ստանդարտների պահանջների կատարման, իրականացման մեխանիզմներն աշխատում են. «Որովհետև եթե հանկարծ ստանդարտները մնան թղթի վրա գեղեցիկ բովանդակությամբ և չիմպլեմենտացվեն, այդ դեպքում ռազմավարությունը կարող է նպատակին չհասնել»: