Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ տնտեսության ոլորտի որոշ ուղղություններով Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն և հարկավոր է ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները։
Այնուհետև Վահան Քերոբյանը մատնանշել է այն ոլորտները, որոնցում առկա է փոխգործակցության մեծ ներուժ՝ առևտուր, մեքենաշինություն, մետալուրգիա, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն։
Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծը՝ նախարարն առաջարկել է դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Երկու երկրների տնտեսական կարողություններին ծանոթանալու նպատակով երկուստեք ընդգծվել է համատեղ ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը։