Վերջին շրջանում Հայաստանում բարձրաձայնվում է հանրային մուլտիպլեքսում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով դրանց կողմից տարածվող հակահայկական բովանդակությունը: Անդրադառնալով այդ կոչերին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելափակումը կհակասի Հայաստանի ներկայիս իշխանությունների հիմնական սկզբունքին և կարգախոսին։
«Սա Երևանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ աշխատանքի հերթական դրսևորումն ու արդյունքն է, որտեղ 2 հազար աշխատակից զբաղված է ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով։ Նախկինում մի շարք ռուս լրագրողներ արդեն հայտնվել էին Հայաստան մուտքի արգելքի ցուցակներում։ Թե արգելափակման մասին հայտարարությունները որքանով են արտացոլում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, պետք է նրանց հարցնել։ Թող սա մեկնաբանի Երևանը։ Բայց եթե նման մտքերն այնտեղ շրջանառվում են, ապա կարծում եմ՝ պետք է իրենց հաշիվ տան, որ այդ հայտարարություններով պարզապես խաչ են քաշում ժողովրդավարական այն սկզբունքների վրա, որոնց մասին հայտարարում էին որպես առաջնահերթություն»,- ասել է Զախարովան։