ԵՄ - Հարավային Կովկաս խորհրդարանական խմբերի նախագահ Մարինա Կալյուրանդը պնդել է, որ ԵՄ-ն պետք է վերարժևորի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և Բաքվի հետ հարաբերություններում պայմաններ սահմանի:
Մարինա Կալյուրանդ (ԵՄ-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբերի նախագահ) - Մենք պետք է կանգ առնենք: Ալիևի ռեժիմի համար պետք է հետևանքներ լինեն: Անցյալ տարի ԵՄ հանձնաժողովի նախագահը Բաքվում` Ալիևի կողքին կանգնած, Ադրբեջանին անվանում էր «վստահելի գործընկեր»: Այսօր նույն հանձնաժողովը ԼՂ հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները համարում է անընդունելի: Եվրամիությունը պետք է տեր կանգնի իր իսկ արժեքներին: Բարձր ներկայացուցիչը նշեց, որ Բաքվի դեմ միջոցներ կկիրառվեն, մենք ունենք այդ լծակները:
Կալուրանդի խոսքով՝ նման միջոցներից են տեղի ունեցածի համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի բանակցությունների սառեցումը, վիզայի դյուրացման համաձայնագրի սառեցումը, գազային գործարքի չեղարկումը և այլն:
Կալրյուրանդը նշել է, որ Հայաստանն այսօր առավել, քան երբևէ, զգում է ԵՄ ֆինանսական և գործնական աջակցության կարիքը: Նա հորդորել է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները և համոզել Ադրբեջանին՝ այնտեղ նույնպես նման առաքելություն տեղակայել:
Նա համոզմունք է հայտնել, որ ժամանակն է Հայաստանի հետ սահմանել առանց վիզայի ռեժիմ և երկրին տրամադրել եվրոպական հստակ հեռանկար: Նա նաև համոզմունք է հայտնել, որ բռնի տեղահանվածների կրած տառապանքներն ազդեցություն կունենան առաջիկայում Գրանադայում սպասվող հանդիպման ժամանակ կայացնելիք որոշումների վրա: