Ասել, որ ԼՂ-ին մենակ ենք թողել, հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է ընդհանրապես հնչել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանը Լեռնային Ղարաբաղին 1 միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել:
Փաշինյանը կարծում է, որ Լաչինի միջանցքի բլոկադայից առաջ և այս ընթացքում ԼՂ-ն ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել:
«Ես չեմ ասել, որ մենք չենք միջամտելու, ես ասել եմ, որ նպատակը ռազմական գործողությունների մեջ ՀՀ-ին ներքաշելն է, և մենք ռազմական գործողությունների մեջ չենք ներքաշվելու, բայց մենք քաղաքական ամբողջական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին»,- ասաց նա:
Փաշինյանը կրկին ընդգծեց, որ վերջին սադրանքի թիրախը ինչ-որ առումով շարունակում է մնալ Հայաստանը:
«Այդ սադրանքի նպատակը և հիմնական թիրախը եղել է և ինչ-որ առումով շարունակում է մնալ ՀՀ-ն: Եվ ես՝ որպես ՀՀ վարչապետ, առաջին հերթին իմ պարտականությունն է ՀՀ-ի անվտանգությունն ապահովելը, այդ թվում՝ ԼՂ-ի մեր քույրերի և եղբայրների սիրույն»,- ասաց նա, ապա հորդորեց մի պահ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե նրանք չկարողանային ապաստան գտնել, և պետություն չլիներ, որ նրանց առաջնային կարիքները բավարարելու հնարավորություն ունենար:
Վարչապետն անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, թե ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը մինչև բռնի տեղահանությունն ուղիղ վտանգ չէր սպառում:
«Իմ մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ: Ես կարող է մի այնպիսի հայտարարություն անեի, որ այդ պայմաններում ևս 300 հոգի մարդ զոհվեր, դրանից ոչ մի բան չէր փոխվելու: Իմ խնդիրն այն չի եղել, որ հայտարարություն անեմ, որ 300 մարդ ավելի զոհվի: Իմ խնդիրը եղել է այն, որ անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 100 հազարից ավելի մարդ անվտանգ հասել է Հայաստան: