Կարևոր խնդիր է, որ կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի, և շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայանալիք հանդիպումը Ադրբեջանի կողմից չեղարկելու պատճառը արդյոք ֆորմատն ու միջնորդնե՞րն էին:
Փաշինյանը նախ ներկայացրեց այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խաղաղ գործընթացը շարունակվի: Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29800 քառակուսի կմ և 86600 քառակուսի կմ: Երկրորդ այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմք սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի համար, իսկ գործընթացը, ըստ հայկական կողմի, պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզների հիման վրա: Երրորդ սկզբունքը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, համաձայն որի՝ գործընթացը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
«Եթե Ադրբեջանը հրապարակային ձևով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, ասելով, որ խաղաղության գործընթացին իրենք համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունն իմ նշած սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք, «խաղաղություն» ասելով, նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»,- ասաց նա:
Փաշինյանը նաև վերահաստատում է Հայաստանի հավատարմությունը վերոնշյալ երեք սկզբունքներին:
«Որ օրը Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարի, որ այս երեք սկզբունքներին այդ մանրամասներով իրենք վերահաստատում են իրենց հավատարմությունը, մենք կարող ենք համարել գործնականում խաղաղությունը կայացած»,- ասաց նա: