Հայաստանի Հանրապետությունը ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել, արձագանք, միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից և, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից, տեղի են ունեցել այդ թվում նաև ԱԽ նիստեր: Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել, և այս մասին բարձրաձայնել ենք: Այդ մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ ԼՂ-ում կատարված իրողությունների վերաբերյալ հարցին:
«Վկայակոչում եք մեկ թե երկու օր առաջ ՄԱԿ-ի համապատասխան խմբի մուտքը ԼՂ. դրան իմ արձագանքը հետևյալն է. եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ: Մյուս կողմից ես ուզում եմ հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը և նրա գործակալություններն այս պարագայում, այո՛, ցավոք ուշացած, բայց, այնուամենայնիվ, պիտի ցուցաբերեն: Ես, որքան գիտեմ, պատրաստվում է համապատասխան գործակալության՝ այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, և այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն: Համենայնդեպս, սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են, նաև միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից. կսպասենք, կտեսնենք»,- ասաց Արարատ Միրզոյանը: