«Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ ԵՄ դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը։ Նրանք սկզբում իրենց անվանեցին միջնորդներ, իսկ հետո դարձան լուռ վկաներ ու հետևում էին, թե ինչպես է զարգանում իրավիճակը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եվրամիությունը կողքից լուռ նայում էր, թե ինչպես ռուս խաղաղապահները հանդես եկան որպես միջնորդներ հրադադարի հասնելու համար, և որևէ գործնական օգնություն չցուցաբերեց: Նրանք տեսնում էին, թե ինչպես են մեր երկրի ներկայացուցիչները կազմակերպում հումանիտար օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքի փակվելուց հետո, ինչպես էին ուղեկցում Հայաստան մեկնող ղարաբաղցիներին: Այդ ամենին Եվրամիությունը կողքից լուռ հետևում էր»,- ասել է դիվանագետը և հավելել. «Իհարկե, Հայաստանի քաղաքացիներին սկսեցին հեքիաթներ պատմել այն մասին, որ Ռուսաստանն իրենց դավաճանել է: Մինչդեռ Երևանին Մոսկվայի միջնորդությամբ պայմանավորվածություններից հետ պահեց Եվրամիությունը: Այդ նրանք դավաճանեցին հայերին»:
«ԵՄ-ի գլխավոր խնդիրը ոչ թե տարածաշրջանում կայունություն հաստատելն է, այլ Բրյուսելի շահերից ելնելով՝ հետախուզական մոնիթորինգ իրականացնելը և իրավիճակ հրահրելը։ Արևմուտքը և ԵՄ-ն երբեք չեն հետաքրքրվել ԼՂ բնակիչների ճակատագրով, դա նրանց քաղաքական խաղի մի մասն է, նրանք մտածում են միայն Ռուսաստանի մասին։
Հենց ԵՄ-ն է պատասխանատու այն բանի համար, որ բոլոր եռակողմ համաձայնագրերը փոխարինվեցին գագաթնաժողովներով ԵՄ երկրների տարածքում։ Եվ Երևանի նոր դիրքորոշումն էլ ձևավորվել է դրա ազդեցության տակ: Մինչ այդ Հայաստանը հակառակ դիրքորոշում ուներ։
Արևմտյան հանրությունը, այդ թվում՝ Բրյուսելը, հայտարարում էին, որ պետք չէ իրականացնել այն ամենը, ինչ պայմանավորվել են Մոսկվան, Երևանն ու Բաքուն, պետք է գնալ հատուկ ճանապարհով։ Ցավոք, մենք բոլորս տեսնում ենք, թե ուր է տանում այդ հատուկ ճանապարհը»,- նշել է Զախարովան։