Հոկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին: Այդ մասին հայտնում է ՄԹ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նա հանդիպումներ է ունեցել ներկայումս Գորիսում գտնվող բռնի տեղահանված անձանց հետ՝ անմիջապես նրանցից տեղեկանալու իրենց կարիքների մասին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու տուժած անձանց ցուցաբերված աջակցության մասին։
Սեպտեմբերի 29-ին ՄԹ-ն հայտարարել էր ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այն ուղղվելու է կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ աջակցության տրամադրմանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, որոնք լուրջ հումանիտար խնդիրների են առերեսվել։
Բացի այդ, Start Fund-ը (որի հիմնական դրամաշնորհատուներից է Միացյալ Թագավորությունը) տրամադրել է 350.000 ֆունտ ստեռլինգ` Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին աջակցելու նպատակով։
Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասել է․ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ահռելի ծանրաբեռնվածություն է առաջացրել համայնքներում։ ՄԹ-ից ստացված ֆինանսական աջակցության միջոցով կենսական օժանդակություն կցուցաբերվի առավել խոցելի անձանց: Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի դիմակայունությանը, անվտանգությանն ու բոլորի համար տնտեսական հնարավորությունների զարգացմանը»։