ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվել է սուսերամարտի պատանիների և երիտասարդների միջազգային մրցաշար, որին 6 երկրի շուրջ 100 մարզիկ է մասնակցել:
Մրցումներն անցկացվել են թիմային և անհատական պայքարում՝ խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության, ներկայացուցիչներ:
Հայ մարզիկները բավականին հաջող ելույթներ են ունեցել, մասնավորապես՝ ճկասուսեր մրցաձևի պատանիների պայքարում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Վրույր Հովհաննիսյանը և Նորայր Մայրանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պատանի խոցասուսերակիրների պայքարում Արտյոմ Խալաթյանը զբաղեցրել է երրորդ տեղը:
Ճկասուսեր մրցաձևի թիմային մրցմանը Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ խոցասուսեր մրցաձևում Հայաստանը ներկայացնող երկու թիմերից մեկը հաղթել ու պարգևատրվել է ոսկե մեդալներով, իսկ երկրորդ թիմը գրավել է երրորդ հորիզոնականը:
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և հավաստագրերով: Մրցաշարի ընթացքում աշխատել են նաև միջազգային կարգի մրցավարներ Իրանից, Բելառուսից և Ուզբեկստանից:
«Հայաստանի կառավարությունը, ինչպես գիտեք, բավականին մեծ ուշադրություն է դարձնում մեր երկրում միջազգային մրցաշարերի անցկացմանը: Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում նմանօրինակ մրցաշարի անցկացումը նաև մեր երկիրը հանրահռչակելու առաքելություն ուներ. կարողացանք պատվով ընդունել տարբեր երկրների պատվիրակությունների ու ամենաբարձր մակարդակով անցկացնել մրցաշարը»,- նշում է ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ մեր սուսերամարտիկները կարևոր ստուգատեսներին նախապատրաստվելու առումով երբեմն փորձի փոխանակման և լրացուցիչ պատրաստություն անցնելու կարիք են ունենում, ու այս համատեքստում ևս նմանօրինակ մրցաշարի անցկացումը շատ կարևոր էր: Արթուր Սեդրակյանի խոսքով՝ մրցաշարն ամենամյա բնույթ կրի, հաջորդ տարվանից կդիտարկվի այն գարնանը և աշնանն անցկացնելու հնարավորությունը, որն անպայման կնպաստի մարզաձևի մասսայականացմանը:
Առաջիկայում՝ հոկտեմբերի վերջին տասնօրյակում, կանցկացվի Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի պատանեկան հավաքականը՝ 2024 թվականի Եվրոպայի պատանիների և երիտասարդների՝ Հռոմում կայանալիք առաջնությանը մասնակցելու համար: Հայ պատանի մարզիկներն այս ամիս նաև միջազգային մրցաշարի կմասնակցեն ՌԴ Վլադիկավկազ քաղաքում: