Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ողջունելով պարոն Մարագոսին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Հանդիպման մեկնարկին նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերից և ներկայացրել դրանց ընթացքը։
Նախարար Սիմիդյանը բարձր է գնահատել շրջակա միջավայրի ոլորտում Եվրոպական միության հետ համագործակցությունը և դրական գնահատել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին փաստել է համագործակցության արդյունքում գրանցած դրական արդյունքները և նշել, որ շրջակա միջավայրի ոլորտի արդյունավետ կառավարումը չափազանց կարևորվում է թե՛ անձամբ իր, և թե՛ Եվրոպական միության կողմից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ, CEPA)։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը։
Սկսած 2019 թ․ հունիսից, շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի «Շրջակա միջավայր» և «Կլիմայի փոփոխություն» գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։
Նախարարը նշել է, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։
Քննարկվել են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող և ներկայումս ընթացող ազգային և տարածաշրջանային մի շարք բնապահպանական ծրագրեր։
Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության պահպանության, անտառկառավարման, մթնոլորտային օդի պահպանության և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտի խնդիրներին։
Շրջակա միջավայրի պահպանությանը և որոշումների կայացմանը քաղաքացիական հասարակության մասնակցայնության և պատշաճ ներգրավվածության համատեքստում նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարությունում ներկայումս ընթացող Օրհուս գրասենյակների վերագործարկման աշխատանքները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է արդեն իսկ ավարտված «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրից, որի ընթացքում գրանցած ձեռքբերումների հիման վրա այսօր բարելավվում է ոլորտի օրենսդրական դաշտը։ Ինչպես նաև անդրադարձել է EU4Sevan («Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն») ծրագրին և դրա շարունակականության հույս հայտնել։
Հանդիպման ավարտին կողմերը փաստել են, որ ստեղծված են բոլոր նախադրյալները առկա համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել իրականացվող ծրագրերի նոր օրակարգ։