Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը Եվրախորհրդարանում տեղի ունեցող «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը հայտարարել է.
«Մենք վերջին տասնամյակներում միջազգային հանրության լրջագույն ձախողման ականատեսն ենք: Կային երեք հիմնարար սկզբունքներ, որոնք համաձայնեցվել էին Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ադրբեջանը խախտել է դրանցից երկուսը՝ բազմաթիվ առիթներով օգտագործելով ուժ և ԼՂ ժողովրդին հնարավորություն չտալով իրացնել ինքնորոշման իրենց իրավունքը: Ներկայում մենք էթնիկ զտման, ԼՂ հայերի համար ողբերգական պայմանների ստեղծման ականատեսն ենք: Նախ Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրեց մի շարք կենսական մթերքների և ծառայությունների պակասի, այնուհետև Ադրբեջանի կառավարության կողմից բոլոր մակարդակներով ատելության հռետորաբանությունը և գործողությունները ստեղծեցին թունավոր միջավայր, վախ և հանգեցրեցին ԼՂ հայերի զանգվածային տեղահանման: Այդ մարդկանց տառապանքները առավել մեծ աշխարհաքաղաքական հաշվարկների հետևանք է, որտեղ Ռուսաստանն արհամարհեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և անցավ Ադրբեջանի կողմը՝ պատժելու հայկական կողմին՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ամրապնդելու համար: ԵՄ-ն պետք է անհապաղ և կայուն ձևով հումանիտար աջակցություն ցուցաբերի բոլոր նրանց, ովքեր տառապում են, և Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել ԼՂ հայերի ապահով վերադարձը և անվտանգ կյանքը Լեռնային Ղարաբաղում: Այս պայմաններին պետք է հետևեն միջազգային դիտորդները»: