Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:
«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ ինչ-ինչ պատճառով նախագահը ստիպված լիներ հրաժարվել Հայաստան այցերից»,- ասել է Պեսկովը, հավելել՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն և գործընկեր, հայ և ռուս ժողովուրդներին շատ բան է միավորում և միավորելու է միշտ:
Պեսկովի խոսքով՝ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը կոռեկտ չէ:
«Իհարկե, Հայաստանի գործող ղեկավարությանը լրացուցիչ հարցեր կառաջանան, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին։ Մեզ մոտ ի սկզբանե կասկածներ կան, թե արդյոք երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կոռե՞կտ է Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին: Կարծում ենք, որ դա ոչ կոռեկտ որոշում է»,- նշել է Կրեմլի խոսնակը:
Նա նաև անդրադարձել է այն հայտարարությանը, որ երկկողմ գործընկերությունն ու ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն եղել Հայաստանը պաշտպանելու համար, նշել՝ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքներն անփոխարինելի են: