ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից՝ այցի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել այնտեղ բուժում ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին և սոցիալական վիճակին, նրանց փաստաթղթերին առնչվող հարցերին:
Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությանում բուժում ստացող անձանց պահման և անձնակազմի աշխատանքային պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող բուժառուներին առնչվող փաստաթղթերը։
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: