Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ և բխում է դատավորների անկախությունը երաշխավորելու, ինչպես նաև առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Դատավորների՝ «կարմիր նշակետը» հատող գերծանրաբեռնվածությունը և այդ ծանրաբեռնվածության ու դատավորների ներկայիս վարձատրության անհամապատասխանությունը ցայտուն է: Ընդ որում՝ վիճակագրության արդյունքներով, քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները: Արդյունքում դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության և շահագրգռվածության բացակայության մասով»,- ասաց Բալյանը:
Ըստ զեկուցողի՝ պետք է նկատի ունենալ, որ օրենքում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում հավելում է սահմանվել Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այնուհետ վերանայվել են նաև Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը:
Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն՝ անհրաժեշտ է վերանայել նաեև դատական համակարգում ծանրաբեռնվածության մեծ բեռ կրող առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության չափը, ինչի համատեքստում նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ին 60 տոկոս հավելում սահմանել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի և Վարչական դատարանի դատավորների համար` ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվել է` քանի՞ դատավոր է լինելու նախագծի շահառու և բյուջեի վրա որքա՞ն հավելյալ ծախս է ենթադրում նախագծի ընդունումը:
«Օրենքի գործողությունը տարածվելու է 206 դատավորի նկատմամբ. նրանք կազմում են դատական համակարգի ավելի քան 66 տոկոսը: Մոտավոր հաշվարկով նախագիծը բյուջեի վրա 1 մլրդ 400 մլն դրամի ծանրաբեռնվածություն է առաջացնելու»,- հարցին ի պատասխան՝ նշել է Բալյանը:
«Կադրային հոսունությունը կանգնեցնելու ու լավ մասնագետներին համակարգ ներագրավելու համար կարևոր է, որ արժանապատիվ վարձատրություն ապահովենք»,- մտքերի փոխանակության ընթացքում ասել է Արուսյակ Ջուլհակյանն ու կոչ արել գործընկերներին՝ կողմ քվեարկել օրենքի նախագծին: