ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Իրանական պատվիրակության կազմում էին ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադը, ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Աշխեն Շիրվանյանը նշել է, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել այս տարվա սեպտեմբեր ամսին Իրան կատարած այցի ընթացքում նախանշված քայլերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ երկուստեք հետարքրքրություն ներկայացնող ուղղություններով գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։
Այնուհետև կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ տավարաբուծության, թռչնաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության, կենդանական ծագման մթերքների արտադրության և վերամշակման ոլորտներում։ Իրանական կողմն առաջարկել է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։
Հյուրերը նաև կայցելեն մի շարք տեղական ընկերություններ՝ արտադրական կարողություններին ծանոթանալու և համագործակցության հնարավոր հեռանկարները քննարկելու նպատակով։