ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է.
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և ցավոք միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել:
Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ:
«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Մեր այս միջավայրում շատ կարևոր եմ համարում մեր երկրների միջև երկկողմ օրակարգի հարցերի հասցեագրումը: Դրանք, իհարկե, քաղաքական երկխոսության հարցեր են, միջազգային հարթակներում համագործակցության հարցեր, տնտեսական համագործակցության հարցեր»,- ասել է վարչապետը:
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները:
«Ուրախ եմ, որ իմ նախորդ այցից մի քանի ամիս անց նորից Երևան եմ վերադառնում, թեև շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Եվ ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա սեղանի շուրջ տեսնում եմ ծանոթ ու բարեկամական դեմքեր և դա իհարկե շատ հաճելի է այս բարդ աշխարհում, որ հիմա ապրում ենք:
Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում: Մեր համեշախությունը դրսևորվել է ողջ տարվա ընթացքում: Մարդասիրական ճգանաժամի և ընդհանարպես հումանիտար իրավիճակի վատթարացմանը զուգահեռ օգնության ծավալներն են մեծացել և ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի»,- ընդգծել է Կատրին Կոլոննան:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Կատրին Կոլոննան վստահեցրել է, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: