Հայաստանից և Եվրոպական միությունից երիտասարդ եվրոպական դեսպանները սեպտեմբերի 18-22-ը ՀՀ մարզերում են՝ տարածելու «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» ուղերձը: Դեսպաններն այցելում են դպրոցներ, համալսարաններ, եվրաակումբներ և ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ հաստատություններ։
Երիտասարդ դեսպաններից երկուսը Շիրակի մարզի Հացիկ բնակավայրում հյուրընկալվել են քույրեր Գոհար և Հասմիկ Պետրոսյաններին։ Գոհարը նկարիչ է և խեցեգործ, ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի ակտիվ մասնակից։ Քույրերը գյուղում ԵՄ աջակցությամբ երեխաների և մեծահասակների համար խեցեգործության ստուդիա են հիմնել։
Հասմիկ Պետրոսյան («Գոհար» բրենդի մենեջեր) - Ունեցանք հնարավորություն, որպեսզի մենք ևս դիմենք այդ դրամաշնորհին, և որոշեցինք, որ պետք է ստուդիա լինի Հացիկ գյուղում, և ստուդիան պետք է լինի ինչպես զբոսաշրջիկների համար վարպետաց դասեր կազմակերպելու համար, այնպես էլ տեղի երեխաների, Գյումրիից և շրջակա գյուղերից եկող երեխաների համար, ովքեր այստեղ սովորում են նկարել և խեցեգործություն։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի նպատակն է ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով նպաստել աղքատության նվազեցմանը՝ կիրառելով Եվրոպական միության՝ համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման մեթոդաբանությունը:
Հուսիկ Սարգսյան («Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի ղեկավար) - Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ և Ավստրիայի կառավարության կողմից, ու այս պահին արդեն ստեղծել ենք երեք տեղական ակտիվ խմբեր Շիրակի մարզում: Ծրագիրը 4,5 մլն եվրո բյուջե ունի, տևողությունը 4 տարի է, հիմնական նպատակը գյուղի զարգացումն է տեղական ակտիվ խմբերի գործընկերության միջոցով:
Աշխարհի ավելի քան 30 երկրից շուրջ 1700 մասնակից ունեցող «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը ևս ԵՄ ծրագրերից է․ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև բարեկամության կամուրջներ ու համագործակցության շոշափելի արդյունքներ գրանցելու առաքելությամբ է գործում։
Էդվարդ Գրիգորյան («Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի խորհրդի անդամ) - Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, և եվրոպական դեսպանների այս ցանցն ինձ շատ-շատ մեծ փորձ է տվել, միացել եմ ցանցին մեկ տարի առաջ։ Մեկ տարվա ընթացքում արդեն հանդիպում եմ ունեցել Հայաստանում ներկայացված դեսպանությունների ղեկավարների հետ, Հայաստանում ներկայացված եվրոպական պատվիրակության և Հայաստանի կառավարության անդամների հետ։ Ունեցել եմ մեծ փորձի փոխանցում երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ այլ երկրներից։
Ցանցի նպատակն է բարձրացնել արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկվածությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:
Ամիլա Ալիջանովիչ («Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի անդամ (Շվեդիա)) - Երիտասարդության այս շփումը ցանցի ներսում շատ կարևոր է։ Այն հնարավորություն է տալիս ճանաչել մեկս մյուսին, գտնել նմանություններ: Ծրագիրը նպաստում է նաև մշակույթների փոխանակմանը։
ԵՄ երիտասարդ դեսպանների համար այս շաբաթը հագեցած է միջոցառումներով։ Նրանք կայցելեն Վանաձոր և Օշական։ Միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 8-ն է:
Մանրամասները` Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում: