Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ Լեռնային Ղարաբաղում «անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից»։
«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ հակամարտող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի լիակատար դադարեցման մասին։ Կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ շուրջ 32 հազար երեխաների տարհանում»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ Աղդամի և Լաչինի երթուղիներով ապահովվել է մոտ 300 տոննա մարդասիրական բեռների առաքում։ Նա նշել է, որ ռուս զինծառայողները մասնակցել են նաև Ստեփանակերտի վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: