Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն դատապարտել է ամիսներ շարունակ Եվրոպայի «բացակայությունը», երբ Լեռնային Ղարաբաղում հայերը շրջափակված էին, սովի մատնված և, ի վերջո, ենթարկվեցին Ադրբեջանի հարձակմանը:
«Իհարկե, այն երկիրը, որ պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է, այն պետք է պատասխանատվության ենթարկվի, և Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն: Եվրոպական միջնորդությունը ևս ձախողվոել է, քանի որ այն չեզոք է մնացել»,- նշել է Լուազոն, հիշեցրել՝ եթե անարդարության ժամանակ չեզոքություն ես պահպանում, նշանակում է՝ ագրեսորի կողմն ես անցել:
Լուազոն հիշեցրել է նաև, որ Եվրախորհրդարանը բազմից է նշել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգների մասին, սակայն ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել դրանք կանխելու համար:
Եվրապատգամավորը նաև զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին:
«Մենք պետք է պաշտպանենք մեր պատիվը և Հայաստանը»,- եզրափակել է Լուազոն: