Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Մոսկվան համարում է ոչ ճիշտ քայլ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն է և գործընկեր, հայ և ռուս ժողովուրդներին շատ բան է միավորում և միավորելու է միշտ: Իհարկե, Հայաստանի գործող ղեկավարությանը լրացուցիչ հարցեր կառաջանան, մի շարք հարցեր նախապես փոխանցվել էին հայկական կողմին»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան բացարձակապես համաձայն չէ հայկական կողմի հիմնավորման հետ, որ ստատուտի վավերացումը բխում է երկրի անվտանգության կարիքներից։ «Չէինք ցանկանա, որ ինչ-ինչ պատճառով նախագահը ստիպված լիներ հրաժարվել Հայաստան այցերից»,- նշել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովն արդրադարձել է նաև հայտարարություններին, որ հայ-ռուսական երկկողմ գործընկերությունն ու ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն եղել Հայաստանին պաշտպանելու համար, նշել՝ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքներն անփոխարինելի են:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: