Հոկտեմբերի 3-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենը։
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղադրիչները:
Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել դրան ուղղված միջազգային գործընկերների միասնական քայլերը:
Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։