Հոկտեմբերի 3-ի ժամի 16:00-ի դրությամբ Արագածոտնի մարզում ԼՂ-ից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է, որոնցից 478-ը տեղակայված են հյուրանոցներում, հյուրատներում, իսկ 2539 անձ տեղակայված է տներում, սեփական բնակարաններում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Մարզպետը ներկայացրեց նաև թվային բաշխվածությունը՝ ըստ համայնքների:
Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է տեղակայվել, որից հյուրանոցներում, հյուրատներում՝ 390 անձ, իսկ բնակարաններում, տներում՝ 1915:
Ապարան խոշորացված համայնքում 354 անձ է, որից հյուրանոցներում, հյուրատներում 57 անձ են, իսկ բնակարաններում և սեփական տներում՝ 297 անձ:
Թալին խոշորացված համայնքում տեղակայվել է 264 անձ, որից հյուրանոցներում՝ 31 անձ, իսկ տներում՝ 233 անձ:
Ծաղկահովիտ խոշորացված համայնքում 94 անձ տեղակայվել են սեփական տներում և բնակարաններում, քանի որ համայնքում հյուրանոցներ և հյուրատներ չկան:
Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մարզում հաշվառում անցած և տներում բնակեցված 2539 անձից 2086-ն արդեն ստացել է սնունդ, իսկ հյուրանոցներում ու հյուրատներում 3-անգամյա սնունդն ապահովում է տվյալ տնտեսվարողը:
Բռնի տեղահանումից հետո ԼՂ մեր հայրենակիցներից ՀՀ-ում դպրոց է ընդունվել 150 երեխա: Նրանց դպրոց տեղափոխելն ու հետ տանելը Կառավարությունն իր վրա է վերցրել:
Սերգեյ Մովսիսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին իրականացվում են աշխատանքներ ԼՂ բռնի տեղահանվածներին հյուրանոցներից և հյուրատներից սեփական տներ տեղափոխելու համար: