Տասն ամիս շարունակ մեր միջազգային գործընկերներին ասել ենք, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարում և կոչ ենք արել ՄԱԿ-ի գործակալություններին գնալ Լեռնային Ղարաբաղ և տեղում փաստահավաք գործունեություն իրականացնել, արձանագրել իրավիճակը, բայց այդ հորդորները և կոչերը տեղ չեն հասել տարբեր հանգամանքների բերումով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հիմա գնահատում եմ, որ ուշացած է ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և հույս ունեմ, որ ՄԱԿ-ի գործակալություններն ի վերջո կարձանագրեն, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում և դրա հետ կապված ՄԱԿ-ն իր գործիքակազմը գործի կդնի»,- նշեց Խանդանյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նորմալ ձևակերպում չի համարում այն, որ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ նշված էր, թե քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ անկած անասուն կամ ընտանի կենդանի չի հայտնաբերվել։
«Այդ ձևակերպումը տարակուսանք և ափսոսանք է առաջացնում։ Իսկ էթնիկ զտումը միայն ավերածությունների մասին չէ։ Այդ մարդկանց կարող էին ոսկե մեքենաներով փոխադրել Հայաստան, բայց այդ մարդիկ Հայաստան են եկել կրակների ներքո և ռազմական ագրեսիայի հետևանքով, տասն ամիս շարունակվող շրջափակման և հումանիտար ճգնաժամի հետևանքով։
Հայաստանը շարունակաբար պահանջել է և ուշադրություն հրավիրել միջազգային հանրության, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային հումանիտար կազմակերպությունների, որպեսզի իրավիճակը գնահատեն»,- ասաց Սարգիս Խանդանյանը։