Խորհրդարանն այսօր քննարկեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում արձանագրվել են մի քանի խնդիրներ, որոնք կարգավորելով՝ կբարելավվի կոմիտեի գործունեությունը՝ ակնկալելով ավելի բարձր արդյունքների ամրագրում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումները նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերով համալրելու խնդրին»,- ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Նախագծով առաջարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում բանիմաց և ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան գիտելիքների տիրապետող ծառայողներ ներգրավելու, ինչպես նաև թափուր հաստիքները համալրելու գործընթացն ավելի ճկուն դարձնելու անհրաժեշտությամբ:
Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ օրենքի ներկայիս կարգավորումներն առավել վերաբերելի են դասական իմաստով օպերլիազորներին, մինչդեռ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար կառույցին անհրաժեշտ են նաև հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող այնպիսի անձինք, որոնք տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառներին:
Օրենքով նախատեսված ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված խիստ պահանջները խոչընդոտում են տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների հմուտ մասնագետների ներգրավմանը:
Մկրտչյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է կոմիտեի օպերատիվ-հետախուզական ծառայությունում աշխատանքի անցնելու համար սահմանված ֆիզիկական պատրատականության շեմը նվազեցնել:
Օրենսդրական մակարդակով կարգավորված չէ Կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու ընթացակարգը և այլն:
Նախագծով առաջարկվում է՝
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանի խոսքով՝ նախագծով առաջարկվել է հետևյալ փոփոխությունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումն անցկացնել նաև բանավոր հարցազրույցի միջոցով, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին լիազորել մրցույթ հայտարարել պաշտոնը թափուր մնալուց երեք ամսվա ընթացքում, ինչպես նաև սահմանել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնները ու դրանց նշանակման պայմանները և կարգը, որոնց գործառույթների իրականացումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքների և հմտությունների կիրառմամբ:
«Նախագծով առաջարկվում է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսել գործունեության իրավական կարգավորումներ, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու համար»,- հավելեց Մինասյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին: