ԱՄՆ կոնգրեսի 75 անդամ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը, մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Կոնգրեսի անդամների նամակի նախաձեռնողներն են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Աննա Էշուն։
Երկկուսակական նախաձեռնության հեղինակները դատապարտել են Լեռնային Ղարաբաղի վրա «չհրահրված ռազմական հարձակումը» և «իննամսյա դաժան շրջափակումը», ինչի հետևանքով տեղի հայ բնակչությանը «մնում էր միայն փախչել»։ ԱՄՆ օրենսդիրներն արձանագրել են, որ չնայած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնացող ցեղասպանության մասին ահազանգերին՝ տեղի է ունենում հումանիտար աղետ, որը հնարավոր էր կանխել։
Կոնգրեսականներն առաջարկել են գործի դնել Ազատության աջակցության ակտի 907 լրացումը, որն ԱՄՆ կառավարությանն արգելում էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նաև կոչ է արվում անձնական պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին՝ կիրառելով «Մագնիտսկու ակտը»։
Նամակի հեղինակները նաև առաջարկում են հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային հանրությանը կոչ անել ներգրավվելու այդ գործում։ Ներկայացուցիչները նաև անհրաժեշտ են համարել միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ տարհանումը դեպի Հայաստան, այդ թվում՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայմամբ։ Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: