Մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբալակման ենթարկելու հիմքերը կհստակեցվեն: Այդ մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 3-ի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ փոփոխության նպատակն է հստակեցնել մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, դրանց իրականացման գործընթացը, որը ներկայումս օրենքում հստակ չէ:
Արթուր Մանուկյանը նաև ընդգծեց՝ խնդիրն այն է, որ գործող կարգավորումներով վարչական ձերբակալման իրականացման հիմքերը բավարար չեն այն իրագործելու համար:
Երկրորդ փոփոխությամբ սահմանվում են մաքսային հսկողության գոտում վարքագծի հատուկ կանոններ, իսկ այդ կանոնների խախտման դեպքում՝ պատասխանատվություն:
«Առաջին անգամ թույլ տալու դեպքում կլինի նախազգուշացում, վեց ամսվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 200 հազար դրամի չափով տուգանք»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ԱԺ հանձնաժողովի նիստի շրջանակում, և պայմանավորվել են առաջինից երկրորդ ընթերցում շտկումներ անել: Մինչ այդ Բաբկեն Թունյանն առաջարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ քվեարկել: