ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող: Այդ մասին ԱԺ՝ հոկտեմբերի 3-ի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ՀՀ քաղաքացիության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս:
Ըստ Բաքոյանի՝ տրամաբանությունն այն է, որ եթե ՀՀ քաղաքացիություն չունեցող ծնողը կարող է իր երեխայի՝ ՀՀ քաղաքացիություն ունենալու հիմքով նախաձեռնել քաղաքացիություն ձեռք բերելու գործընթաց, ապա այս պրոցեսը պետք է հնարավոր լինի կյանքի կոչել նաև հակառակ պարագայում, այսինքն՝ ներկայացված լրացումը հնարավորություն է ստեղծում ծնողին՝ քաղաքացիության հիմքով չափահաս զավակին տրամադրել քաղաքացիություն:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրեց նաև նախագծով նախատեսված փոփոխությունները:
«ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որի ծնողը կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն, և որը օրենքով սահմանված կարգով վերջին 1 տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում:
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից նախատեսվում է հանել ծնողի՝ ՀՀ-ում ծնված լինելու դրույթը, որ, նախ, միայն այստեղ ծնված լինելու փաստը չի հանդիսանում քաղաքացիություն ձեռք բերելու հիմք: Բացառություն է կազմում միայն ապաքաղաքացիության կանխարգելման նպատակով քաղաքացիության տրամադրումը, ուստի անտրամաբանական է անձի՝ ՀՀ-ում ծնված լինելու փաստով նրա զավակին քաղաքացիություն տրամադրելը:
Գործող օրենքով, եթե 18 տարին լրացած անձը երեք տարվա ընթացքում չի դիմում քաղաքացիություն ստանալու համար, նա 21 տարեկանից հետո զրկվում է այդ հնարավորությունից: Իսկ նախագծի համաձայն՝ անձը, 1 տարի բնակվելով ՀՀ-ում, այլևս ժամանակային վերոնշյալ սահմանափակման խնդիրը չի ունենում:
Նշված կարգավորումը առավել լայն կարգավորում է ընձեռում անձին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Մեկ տարի մշտապես բնակվելու հիմքի նախատեսումը նաև ենթադրում է պետության հետ կապի որոշակի ապահովում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կան նաև խոչընդոտներ, որոնք հնարավորություն չեն տալիս, այդ թվում՝ ազգությամբ եզդիներին, ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, որոնք կապ են ունեցել ՀՀ-ի հետ:
«Նախագծի ընդունման պարագայում ստեղծվելու է օրենսդրական հնարավորություն, որով բավականին նպաստավոր պայմաններ են սահմանվում ազգային փոքրամասնությունների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով»,- ասաց նա:
Ռուստամ Բաքոյանը ելույթի ավարտին առաջարկվող փոփոխությունն ԱԺ ամբիոնից իր հայրենակիցներին ներկայացրեց նաև եզդիերենով: