Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են. առաջինը՝ գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բարձրացումն ու պատասխանատվության ամրագրումը և վերջինը` գույքի վարձակալության գործարքներ իրականացնող, սակայն հարկերը չհայտարարագրող ֆիզիկական անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների սահմանումը: Այս մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ժամանակ:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապահովագրական գործակալները և ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ:
Նրա խոսքով՝ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաև ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
«Հաշվի առնելով հարկային մարմնին բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման անհրաժեշտությունը՝ դեռևս թղթային եղանակով կազմվող հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումը և դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը նույնպես կկատարվի էլեկտրոնային եղանակով: Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու դեպքում կսահմանվի տուգանք` այդ ապրանքների ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի ապրանքների ձեռքբերման գնի 50 տոկոսի չափ»,- նշեց Թամազյանը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը՝ իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարությունը, կարգավորել ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը, դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով, խրախուսել գույքի վարձակալության հանձնելու պայմանագրի գրանցումը, որի արդյունքում կնվազի գույքի վարձակալության ոլորտում առկա ստվերը: