ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարության իրականացման համապատասխան միջոցառման կետով, որով, ի թիվս այլնի, նախատեսվում է քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում:
Ներկայումս քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի քրեակատարողական ծառայությունը, տվյալ դեպքում՝ ըստ էության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը»,- նշեց Բալյանը:
Հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը հայտնեց՝ նախագիծը քննարկվել է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն և նախադրյալներ են ստեղծում համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր օպերատիվ ստորաբաժանում, առավել պատրաստված և պրոֆեսիոնալ կադրերի համալրումով, նաև մի շարք լիազորություններ են նախատեսում քրեակատարողական ծառայության պետի համար:
Դավոյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: