Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության կողմից ներկայացված՝ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը հիշեցրեց՝ նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական և պրոբացիայի ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով, որով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, որի իրականացման ուղղություններից է կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:
Նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայությունում ներդնել քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման համակարգ, ինչի արդյունքում քրեակատարողական ծառայողները կստանան հավելավճար:
Գործընթացի շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն՝ կսահմանվեն հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք պարտավոր կլինեն անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում:
«Վերոգրյալից զատ՝ նախագծով առաջարկվում է օրենսդրական կարգավորման ենթարկել քրեակատարողական ծառայության ոլորտում առաջացած մի քանի հարց»,- հավելեց Բալյանը՝ տեղեկացնելով, որ առաջինից երկրորդ ընթերցման շրջանակում առաջարկություններ չեն եղել, Կառավարության կողմից որոշակի տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել:
Նախագծի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով երեք տարվա ընթացքում (օրենքի ուժի մեջ մտնելուց հետո) հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելը ամրագրվելու է որպես ծառայությունից ազատման հիմք:
Հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի խոսքով՝ ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որը կնպաստի քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավման, ինչպես նաև այլ կարգավորումներ:
Արփինե Դավոյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: