Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պահանջները սահմանող օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան անվտանգ և ապահով բեռնափոխադրումների իրականացում: Այդ մասին «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթի ընդունումը պայմանավորված է վտանգավոր բեռների, միջազգային ճանապարհային փոխադրման մասին եվրոպական համաձայնագիրը 2022 թվականին ՀՀ կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ՀՀ պարտավորությունների կատարմամբ:
«Օրենսդրական նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը:
Նախագծերով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց ձևերը և տրման իրավական կարգավորումները:
Սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների և անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների և որակավորման վկայականների տրման պահանջները»,- ասաց նախարարի տեղակալը:
Փաթեթի ընդունումից հետո կսահմանվեն ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնցով կկանոնակարգվի վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը: