Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտը կկատարելագործվի: Այդ մասին ԱԺ-ում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացնելիս:
Նախագծի հիմնական զեկուցող Վահան Քերոբյանը մանրամասնեց՝ նախագծով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածում սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: Նշված դրույթը կլինի լիազորող օրենսդրական նորմ համապատասխան գործընթացների իրականացման համար:
«Սրանով, ըստ էության, ուժեղացվում է հսկողությունը երկակի նշանակության ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ, որպեսզի կառավարությունն ունենա անհրաժեշտ գործիքակազմ՝ ՀՀ-ում գործող ընկերություններին երկրորդային սանկցիաների ռիսկից հեռու պահելու համար»,- ասաց Քերոբյանը: