Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա: Թուրքիան պետք է իր զորախումբը դուրս բերի, հակառակ դեպքում երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է, ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Բասամ ալ Սաբահը։
«Սա անօրինական օկուպացիա է, և այն կխոչընդոտի Թուրքիայի հետ շփումներ և հարաբերություններ հաստատելու ցանկացած փորձ»,- ասել է նա՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ Թուրքիան իր զորքերը Սիրիայից դուրս կբերի միայն անվտանգ միջավայր ստեղծելուց հետո։
Էրդողանն էլ երկրի խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ժամանակ իր ելույթում չի բացառել, որ հանրապետության զինված ուժերը կարող են նորից լայնածավալ գործողություն սկսել Թուրքիայի հարավային սահմանների մոտ՝ Սիրիայում և Իրաքում։
Իրաքում Թուրքիայի զինված ուժերի անդրսահմանային թիրախային գործողությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պարբերաբար շարունակվում են: