Այս շաբաթվանից սկսվելու է 100-հազարական դրամների բաշխման գործընթացը: Բանկային քարտ չունեցողները պետք է բանկային հաշիվ բացեն և ներկայացնեն դրանք Միասնական սոցիալական ծառայություններ, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի մոտ խորհրդակցության ընթացքում այս գործընթացի հետ կապված որոշակի մանրամասներ են հստակեցվել:
«Անհրաժեշտություն կա, որ նախ այցելեք որևէ բանկ և բացեք որևէ հաշվեհամար: Արդեն իսկ ԿԲ-ի կողմից պայմանավորվածություն կա, որ այդ հաշվեհամարները բացվելու են անվճար: Այնուհետև այդ քարտային համարները փոխանցելու եք Միասնական սոցիալական ծառայություն»,- ասաց Նազելի Բաղդասարյանը, ապա հավելեց, որ եթե անգամ քարտերի տրամադրման գործընթացը սովորաբար 1 շաբաթ կամ 10 օր է տևում, ապա քարտային հաշիվները բացվում են շատ արագ և տեղում:
«Այսինքն՝ ձեր գումարը այս դեպքում կգումարվի քարտային հաշվին, որից կկարողանաք կանխիկացնել, և հետայսու, երբ տրամադրեն ձեր քարտերը, մյուս սոցիալական աջակցությունները կկարողանաք կանխիկացնել ցանկացած բանկոմատում»,- ասաց նա:
Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաև հաճախ տրվող այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտանիքի բոլոր անդամներին հասանելիք գումարները փոխանցվեն միայն ընտանիքի մեկ անդամի բանկային հաշվին: Վարչապետի մամուլի քարտուղարը հերքեց՝ ընդգծելով, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր քարտն ունենա:
«Յուրաքանչյուր քաղաքացու համար հատկացված գումարը փոխանցվելու է իր հաշվին, այսինքն՝ բանկային քարտային հաշվին:
Բացառություն կկազմեն երեխաները, որոնք այս պահի դրությամբ, բնականաբար, անչափահաս լինելով, խնդիր է ծագում, թե ինչպես է իրականացվելու գործառույթը, կներկայացնեն ծնողներից մեկի, այս դեպքում՝ մոր հաշվեհամարը: Մոր բացակայության դեպքում ընտանիքի հայրը կամ մեկ այլ անդամ կարող է ստանալ այդ գումարը»,- ասաց նա:
Նազելի Բաղդասարյանը ուրախալի փաստ որակեց այն, որ թոշակային տարիքի անձինք հիմնականում ունեն բանկային քարտեր: