ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Լիլիանա Սենեքերիմյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Օշական) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
- չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը.
- արտադրական շինությունում բացակայում է բնական և մեխանիկական օդափոխությունը, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութերից.
- չեն կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
- սարքավորումները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման.
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից։
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: