ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնագետներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը:
Ծրագրի նպատակն է ընդլայնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայացվածության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարությունում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում։
Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի թեկնածուների ընտրության եռափուլ գործընթաց (առցանց հայտի լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար):
Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (P1/P2), որը հնարավորություն կընձեռի աշխատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում: Կախված 9 ամիս փորձաշրջանի արդյունքներից՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել։
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
-
առավելագույն տարիքը՝ 32 տարեկան (2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ).
-
նվազագույնը մագիստրոսական աստիճան.
-
անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն (միանգամից երկու լեզուներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն):
Թեկնածուների դիմումներն անհրաժեշտ է մինչև 2023 թ. հոկտեմբերի 23-ը փոխանցել ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին (էլհասցե՝ [email protected])։
Թեկնածուները պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
-
անձնագրի պատճեն.
-
մագիստրոսական կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն.
-
անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն.
-
կենսագրական և կոնտակտային տվյալներ՝ անգլերենով կամ ֆրանսերենով: